«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից, ինչի մասին վկայում են նրա վերջին հայտարարությունները՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կտրվել է իրականությունից։ Քարոզչության ընթացքում այնքան է շենքերի ու ավտոտնակների տանիքներ բարձրացել, որ չի զգում ոտքի տակի հողը, լրիվ կտրվել է իրականությունից»,- ասաց Շարմազանովը։ Երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Շարմազանովի մեղադրանքներին, թե որոշ քաղաքական ուժեր փորձում են Արթուր Սարգսյանի մահը շահարկել նախընտրական քարոզչության շրջանում դիվիդենդներ շահելու նպատակով։
«Շարմազանովին ասեք, թող հստակեցվի, եթե մեղադրանքները մեզ են ուղղված, ես իրեն կպատասխանեմ: Էս պահին կարող եմ ասել՝ նա մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին։ Առհասարակ, նման քննադատություն մեզ որևէ մեկը չի կարող ուղղել, որովհետև երբ որ Արթուր Սարգսյանը կալանավորված էր ու հացադուլի մեջ էր, առաջին օրվանից մենք զբաղվել ենք դրանով և մեզնից կախված մաքսիմում ջանքերը գործադրել ենք, որպեսզի նա օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հայտնվի ազատության մեջ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։